ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի

ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի
22.01.2025 | 12:52

ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով:

Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ լիբերալիզացիայից քաղաքացիների բողոքի արդյունքում և հետևանքով:

Ընդհանրապես, կրոնի գործոնը չի կարող կարևոր չլինել Թրամփի վարչակազմի համար:

Ի վերջո, 82% ավետարանական բողոքականներ նշել են, որ նախապատվությունը տվել են Թրամփին:

Նույնը վերաբերում է 61% կաթոլիկներին և 58% ոչ ավետարանական բողոքականներին։

Թրամփի երդմնակալության ողջ ընթացքը համեմված էր քրիստոնեական թեմատիկայով:

Բացի «God Bless America» և «So Help Me God» ավանդական ձևակերպումներից, քրիստոնեական տարբեր եկեղեցիների հոգևոր սպասավորների աղոթքներից՝ Թրամփն Աստծուն շնորհակալություն էր հայտնում իր կյանքը փրկելու համար:

Իր երդմնակալության ելույթում Թրամփը տալիս էր այսպիսի ձևակերպումներ «I Was Saved by God», «We Will Not Forget Our God»,

«One Glorious Nation Under God», «People of Religion, Faith and Goodwill» և այլն:

Աջակիցների հետ իր հանդիպումներում Թրամփը խոստանում էր բարձրացնել ոչ միայն պահպանողական քրիստոնյաների քաղաքական դերկատարումը, այլև նրանց գաղափարական ազդեցությունը։ Նա խոստացել էր, որ կարգելի այլ սեռերի կիրառումը, քանի որ Աստված ստեղծել է միայն երկու սեռ՝ արական և իգական։ Նա խոստացել էր հիմնել դաշնային հանձնաժողով՝ հակաքրիստոնեության դեմ պայքարելու համար և առավել մեծ դերակատարություն ապահովել պահպանողական քրիստոնյա երիտասարդ առաջնորդներին:

Նա նաև խոստանում էր փրկել կրոնը Ամերիկայում:

Այս խոստումներից որոշներն արդեն իսկ կյանքի է կոչել:

Ի դեպ, շատ գրագետ և հաշվարկված այս հարցին մոտեցավ Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին: Ճիշտ ժամանակին (երդմնակալությունից մեկ օր առաջ) ճիշտ տեղում (հանրապետականների Foxnews-ում) հայտարարեց, որ Վրաստանն աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն է՝ նոր գաղափարական հիմք դնելով Թրամփի վարչակազմի հետ հարաբերություններ ձևավորելու համար:

Դե, եթե Հայաստանից նման մեսիջներ չեն գնում, դա պետք է անեն այլ երկրներ:

Հիմա գանք Հայաստան

Հայաստանի իշխանությունները բացեիբաց աջակցում էին դեմոկրատներին: Չեմ բացառում, որ Վաշինգտոնից դեսպան Մակունցը վստահեցնում էր, որ Հարիսը հաղթելու է և պետք է նրա վրա ամբողջական խաղադրույք կատարել: Սա ճակատագրական սխալ էր և «պլան Բ» բնականաբար չկար:

Հանրապետականները շատ լավ գիտեն իրենց նկատմամբ այս տեսակ վերաբերունքի մասին:

Մակունցն այնքան անթաքույց վերաբերմունք ունի հանրապետականների նկատմամբ, որ նրանց միջոցառումներին մասնակցելուց էլ դրա մասին խուսափում է գրառումներ կատարելուց դեսպանության ֆեյսբուքյան էջում (թեկուզ երդմնակալության պաշտոնական արարողություններից մեկին ի թիվս այլ դեսպանների մասնակցելու վերաբերյալ):

Հատկանշական է, որ Մակունցը դեսպան է նշանակվել 2021թ. և պարտադրել է, որ նախագահի հրամանագրում ամրագրվի նրա պաշտոնավարման ժամկետը՝ չորս տարով: Սովորաբար դեսպաններին ժամկետով չեն նշանակում, գործում է 2+1 ավանդույթը և ընդհանրապես դեսպանի հետկանչի ժամկետի ընտրությունը քաղաքական որոշում է:

Հույսս կտրելով «դիվանագետներից», կարծում եմ, Թրամփի վարչակազմի հետ մեր լոբբիստական և շահերի պաշտպան (advocacy group) կազմակերպություններից զատ կարող է շատ արդյունավետ աշխատել Հայ Առաքելական եկեղեցին, մանավանդ, որ Արամ Առաջինի հետ Թրամփի կոնտակտն արդեն իսկ ստացվել է, վստահ եմ Գարեգին Երկրորդի հետ էլ կստացվի:

Ի դեպ, 1994թ., երբ Հայաստանում կասեցվել էր ՀՅԴ գործունեությունը, կուսակցության և իշխանության հարաբերությունները ոչ պակաս լարված էին՝ քան այսօր:

Սակայն, ի պատիվ ԱՄՆ-ում մեր առաջին դեսպան Շուգարյանի և Հայ Դատի (ANCA) գրասենյակի ղեկավարների, նրանք համագործակցության եզրեր գտնում էին հանուն Հայաստանի Հանրապետության՝ մի կողմ դնելով քաղաքական սուր հակասությունները:

Գործող դեսպանն այդպես էլ չկարողացավ Վաշինգտոնում համագործակցության եզրեր գտնել ազդեցիկ այս կառույցի հետ:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1899

Մեկնաբանություններ